Placeholder text, please change

ՃԱՐՏԱՍԱՆԱԿԱՆ ԽՕՍՔԱՐՈՒԵՍՏԻ ՄՐՑՈՅԹ

Ճարտասանական խօսքարուեստը բազմադարեան պատմութիւն ունի, որի հիմքում ընկած է իմաստալից, համոզիչ ու տպաւորիչ արտայայտուելու ձիրքը: Իւրաքանչիւրն էլ կարող են փաստել, թէ նոյն խօսքը տարբեր մարդիկ որքան տարբեր կարող են ներկայացնել, եւ որքան տարբեր են խօսքի ազդեցութեան նրբերանգներն ու եղանակները: Ճարտասանութիւնն արուեստ է գեղեցիկ խօսքի, սեփական ճշմարտացիութիւնն ապացուցելու կամ պարզապէս հետաքրքիր պատմելու կարողութեան մասին:
 
Ահա այս բոլոր արժանիքները գնահատելու շնորհիւ է, որ Հայ կրթական հիմնարկութիւնը Փետրուարի 2-ին կազմակերպեց Ճարտասութեան մրցոյթ հայկական վարժարանների աւագ դասարանի աշակերտների միջեւ: Մրցոյթի նպատակն է խթանել հայ աշակերտների լեզուամտածողութիւնը, զարգացնել քննադատական միտքն ու վերլուծական կարողութիւնը, ինչպէս նաեւ` ազատ ու անկաշկանդ արտայայտուելու հմտութիւնը: Արդէն երեք տարի է, ինչ հայ աշակերտներին հնարաւորութիւն է ընձեռւում մասնակցելու եւ իրենց հռետորական ունակութիւնները բացայայտելու: Այս ժամանակաշրջանում շօշափելի փոփոխութիւններ եւ ձեռքբերումներ են նկատւում Ճարտասանութեան մրցոյթի կազմակերպման եւ իրականացման ուղղութիւններում:
 
Ռոզ եւ Ալէք Փիլիպոս վարժարանը եւս մաս էր կազմում այս մրցոյթին: Մրցոյթն անցկացւում էր երկու լեզուներով` հայերէն եւ անգլերէն: Հայերէն բաժնում մասնակցում էր մեր վարժարանից 11-րդ դասարանի աշակերտ Նարեկ Պողոսեանը: Նրա առջեւ խնդիր էր դրուած ներկայացնելու այն հարցը, թէ արդեօ՞ք հնարաւոր է սփիւռքում պահպանել հայի ինքնութիւնն առանց հայոց լեզուի կիրառման: Անգլերէն բաժնում Ռոզ եւ Ալէք Փիլիպոս ազգային վարժարանն էր ներկայացնում 10-րդ դասարանի աշակերտ Միշա Կիւրեղեան Հալլը: Նրա խօսքը հիմնուած էր Հայաստանում վերջերս կազմակերպուած Թաւշեայ յեղափոխութեան կարեւորութեան եւ առաջիկայ փոփոխութիւնների վերլուծութիւնների վրայ:
 
Երկու աշակերտներն են իրենց բացառիկ ելոյթներով շատ մեծ տպաւորութիւն թողեցին դատական կազմի եւ հանդիսատեսի վրայ, իսկ Նարեկ Պողոսեանը ձեռք բերեց առաջին մրցանակը` եւս մէկ անգամ ապացուցելով, որ Ռոզ եւ Ալէք Փիլիպոս վարժարանում հայեցի դաստիարակութիւնն ու կրթութիւնը գտնւում են ապահով ձեռքերում, եւ հայ աշակերտը միշտ հաւատարիմ է մնալու իր ազգային պատկանելիութեանն ու կերտուածքին: Նարեկի խօսքը գրագէտ էր, առաջադրուած փաստարկները` համոզիչ, կերպարը` ներկայանալի, դիմախաղն ու ձայնը `տպաւորիչ: Եւ չնայած բոլոր աշակերտներն էլ բացառիկ ելոյթներ ունեցան, սակայն Նարեկի ելոյթը գերազանցում էր բոլորի սպասելիքները:
 
«Երբ չենք ունեցել պետականութիւն, Հայ Առաքելական Եկեղեցին է եղել այն միակ յոյսը, որը մեզ հասցրել է միչև այսօր, երբ մեր հայրենիքը վտանգի մէջ է եղել, հայերէնով ասուած աղօթքներն են եղել մեր միակ դաշնակիցը :Հապա եթէ չկայ հայոց լեզուն, այդ նոյն հայ մանուկը ի՞նչ լեզուով պիտի կարդայ այդ աղօթքները: Սրանք զուտ խօսքեր չեն, սրանք փաստեր են իրականութեան մասին, որը միանշանակ հերքում է այն կարծիքը, որ հայը կարող է պահել իր ինքնութիւնն առանց հայոց լեզուի կիրառման»:
 
Սա մի փոքրիկ հատուած էր Նարեկ Պողոսեանի ելոյթից, որը ամփոփուեց Յովհաննէս Շիրազի բանաստեղծական հատուածով` ուղղուած մի հայրենադարձ պատանու:

Անգնահատելի են Հայ կրթական հիմնարկութեան կազմակերպած միջոցառումներն ու աշխատանքները, սէրն ու նուիրուածութիւնը հայ աշակերտի կրթութեան քաջալերման գործում: Ճարտասութեան մրցոյթը նաեւ վկայում էր բոլոր կազմակերպիչների ու նուիրեալների` բարձր գնահատանքի արժանի լինելը: Ոչ երկար տարիների փորձառութիւն ունեցող Ճարտասութեան մրցոյթը կայացած է ու խոստումնալից, իսկ հայ աշակերտն ու ուսուցիչը շարունակում են մնալ նպատակասլաց ու բազմաշնորհ: