Placeholder text, please change

Լիդիա Աւագեանի յաջողութիւնը Ստեփանակերտում

Անշուշտ բոլորս էլ գիտենք, թէ արուեստը ինչպիսի կարևոր դեր ունի մարդկային կեանքի և իւրաքանչիւր անհատի գեղագիտական դաստիարակութեան և զարգացման մէջ։ Վրձնած կտաւներից սկսած մինչև դաշնամուրի ստեղնաշարի վրայ սահող մատների հպումներն  ու պարողների նուրբ ու ճարպիկ մարմինների շարժումները բեմի վրայ, ամբողջութեամբ մարդկային կեանքի և իրականութեան իւրայատուկ արտացոլումն են, որոնք արտայայտւում են արուեստի սիրահար մարդկանց կողմից։

Ռոզ և Ալեք Փիլիպոս Ազգային վարժարանը ևս հպարտ է այսօր՝ արուեստին նուիրուած ու արուեստասէր իր բազմաթիւ աշակերտներից մէկին ձեզ ծանօթացնելու։

Ութերորդ դասարանցի Լիդիա Աւագեանր տասներեք տարեկան է։ Ութը տարի է, որ ապրում է Միացեալ Նահանգներում և դպրոցիս աշխատասէր ու գերազանցիկ աշակերտներից է համարւում։ Դրա խօսուն փաստն է, վերջերս Հայաստանում, «Աստղային ժամ» հաղորդմանը հիւրընկալուած ժամանակ նրա գեղեցիկ ու գրագէտ լեզուով պատասխանները, որը հպարտութիւն էր բերում ցանկացած սփիւռքահայի։ Պարել սկսել է վեց տարեկան հասակից, պարել է հայկական և լատինո-ամերիկեան ոճերում, իսկ վերջին երեք տարիների ընթացքին մասնագիտացուել է լատինո-ամերիկեան ոճում։

Պարը Լիդիայի համար, ինչպէս բոլոր արուեստով զբաղուող մարդկանց, ինքնաարտայայտման իւրայատուկ միջոց է, զգացումներն ու ապրումները դրսևորելու ձև, իսկ բեմը՝ ազատ ու անկաշկանդ ապրելու իր փոքրիկ աշխարհը։

Լիդիան ունեցել է բազմաթիւ յաջողութիւններ ու ձեռքբերումներ։ Նրա վերջին յաղթանակը եղել է թուականիս Յուլիսի 1-ից 2-ը,  Ստեփանակերտում տեղի ունեցած  սպորտային պարերի երկրորդ միջազգային մրցույթ-փառատոնի ընթացքին, որտեղ «Ստեփանակերտի գաւաթ» բաց առաջնութեան շրջանակում նա պատուով շահել է առաջին տեղը։ Լիդիան յաղթող է հանդիսացել այն պայմաններում, երբ մրցոյթ-փառատօնին իրենց մասնակցութիւն էին ցուցաբերել շուրջ 500 մասնակիցներ՝ Ռուսաստանից, Ուկրայինայից, Մոլդովայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Պարսկաստանից, Հայաստանից և Արցախից: Միջոցառմանը ներկայ են եղել նաև Արցախի Հանրապետութեան ԿԳՍ նախարար Նարինէ Աղաբալեանը և այլ բարձրաստիճան հիւրեր։

Հայրենի Արցախում Լիդիան ոչ միայն մասնակցել է մրցոյթին, այլ նա հասցրել է գտնել նոր ընկերներ, տեսնել Արցախի գեղատեսիլ վայրերը և մի անգամ ես կապուել հայրենի հողին ու ջրին։

Նոյն թուականի Յուլիսի 15-ին, Արցախ ժամանած պարող-արուեստագէտները մեկնել են Հայաստան և ելոյթ ունեցել Երևանի Ա.Սպենդիարեանի անուան օպերայի դահլիճում կայացած բարեգործական համերգին։ Օպերայի դահլիճում յայտնուելը պատասխանատուութեան մեծ զգացում և հպարտութիւն է առաջացրել Լիդիայի մէջ, իսկ ինքը ոչ մի ճիգ ու ջանք չի խնայել իր ստանձնած դերը կատարեալ ձևով կատարելու։  Միջոցառման ընթացքին, կրկին անգամ փայլուն ելոյթ է ունեցել Լիդիան, և որից յետոյ ստացել է բազմաթիւ հրաուէրներ այլ համերգների մասնակցելու համար, սակայն ժամանակի սղութեան և դպրոցական վերամուտի պատճառով նա ստիպուած է եղել մերժել հրաուէրները և վերադառնալ ԱՄՆ։

Քիչ չեն այն մարդիկ ովքեր երազում են ինչ-որ բանի հասնել, իսկ շատ չեն նրանք, ովքեր յամառօրէն աշխատում են և իրագործում իրենց երազանքները։ Ահա այդ երկրորդ խմբին պատկանող անհատներից է Լիդիան։

Ռոզ և Ալեք Փիլիպոս Ազգային վարժարանի ընտանիքի անունից շնորհաւորում ենք մեր սիրելի, բազմաշնորհ աշակերտուհուն և նորանոր յաղթանակներ մաղթում նրան։