ՌՈԶ ԵՒ ԱԼԷՔ ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՎԵՐԱՄՈՒՏԸ
2019-2020 ուսումնական տարեշրջանը անկիւանադարձային թուական է հանդիսանում Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի համար, քանզի կրթօջախը հպարտութեամբ նշում է իր ուսումնակրթական բեղմնաւոր գործունէութեան 50-րդ տարեդարձը:
Այդ իմաստով, Երկուշաբթի, Օգոստոսի 20-ի առաւօտեան ժամը 8:30-ին հանդիսաւոր յատուկ յայտագրով տեղի ունեցաւ վարժարանի վերամուտի արարողութիւնը, որին ներկայ գտնուեցին Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Մուշեղ Արք. Մարտիրոսեանը, Հոլիվուդի Սբ. Կարապետ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Վիգէն Աւագ Քահանայ Վսիլեանը, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնակսն Կոմիտէի, Լոս Անջելոսում Հայաստանի Հանրապետութեան հիւպատոսութեան, Հոլովուդի Գարեգին Նժդեհ կոմիտէութեան, ազգային եւ կրթական մարմինների ու կազմակերպութիւնների, շրջանի ամերիկեան պաշտօնատարների ներկայացուցիչներ, վարժարանի տնօրէնուհի՝ դոկտ. Ալինէ Դուրեանը, փոխտնօրէնուհի՝ Մարալ Դաւիթեանը, ուսուցչական կազմը աշակերտներ, ծնողներ եւ հիւրեր, որոնց թւում՝ վարժարանի հիմնադիր՝ Ալէք Փիլիպոսի եղբօր թոռը՝ Ալէքսանդր Մայնըրթը:
Յատկանշելի է, որ վերամուտի առիթով, վարժարանի շրջափակը զարդարուած էր 50-ամեակը խորհրդանշող գեղեցիկ զարդանկարներով ու կարգախօսներով, որոնց իւրովի երանգ էին հաղորդում նաեւ ամէնուր համախմբուած մեծ ու փոքր տարիքի աշակերտներ, ովքեր ամառուայ արձակուրդից յետոյ իրենց երկրորդ տունը վերադարձած ողջագորւում եւ նոր աւիշ ու եռանդ էին տարածում վարժարանի միջավայրում:
Հանդիսութեան բացումը կատարուեց Տէրունական Աղօթքով, որից յետոյ վարժարանի աշակերտական խորհրդի եւ բոլոր աշակերտների կոշից կատարուեցին ամերիկեան ու հայկական հիմներգերը եւ դրօշների երդման արարողութիւնը:
Այնուհետեւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ օրուայ հանդիսավարուհի ուսուցչուհի` Փաթիլ Տէր Յովակիմեանը, որն իր հերթին բեմ հրաւիրեց կոնգրէսական Ադամի Շիֆի, Լոս անջելոսի քաղխորհրդի անդամ՝ Միչ Օ'Ֆարէլի եւ նահանգային ծերակուտական՝ Փորթանթինոյի ներկայացուցիչներին, ովքեր շնորհաւորելով վարժարանի 50-րդ տարիդարձը, մաղթեցին նորանոր նուճումների յաջողութիւն՝ առաջիկայ ուսումնական տասնամեակներին:
Մէջբերելով հայոց լեզուին եւ հայ դպրոցին նուիրուած Յովհաննէս Շիրազի քերթուածի մի հատուածը, վարժարանի վաստակաշատ ուսուցչուհիներից՝ Սօնա Մադարեանը անդրադարձաւ 1969 թուականին բարերարական ջանքերով հիմնադրուած Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի ուսումնակրթական արգասաբեր անցեալին եւ շեշտեց, որ առաջընթացի նոյն կամքով ու յանձնառութեամբ վարժարանը շարունակում է իր վերելքի ուղին:
12-րդ դասարանների աւարտական աշակերտները, որ սրահի կենտրոնում 50 թիւը պատկերելով նստած էին հանդիսականների առջեւ, յայտագրի այս բաժնում մէկ առ մէկ յոտնկայս կարդացին կարգախօսներ վարժարանի ապագայ ուղին խորհրդանշող ոգեւորիչ արտայայտութիւններով: Ապա բոլոր աշակերտների կատարմամբ հնչեց վարժարանի հիմներգը, ոգեւորութեան նոր ալիք հաղորդելով հանդիսութեանը:
Այնուհետեւ բեմ հրաւիրիւեց վարժարանի տնօրէնուհի դոկտ. Ալինէ Դուրեանը, որն անդրադառնալով վարժարանի հայակերտման ու մարդակերտման նուիրական առաքելութեանն ընդգծեց,- մէջբերում ենք,- «50 տարի է, որ մեր համեստ կրթօջախը սերունդներ է պատրաստում, երազներ, ճակատագրեր է ձեւաւորում, լիարժէք անհատներ պատրաստում եւ հայ ազգի ու մարդկութեան շարքերը հասրտացնում: Այո՛, 50 տարի է, որ մեր օջախում, անխոնջ նուիրեալներ ինքնամոռաց կերպով կերտում, ձեւակերպում են ղեկավարներն ապագայի: 50 ու ձիգ տարիներ է, որ հայաշունչ այս կրթօջախը հայրենի հողից հեռու ընկած ամէն մի հայ հատիկին հայրենի սնունդ է տալիս, գուրգուրում ու աճեցնում է, որ նրանք ծաղկեցնեն հայրենի բուրաստանը՝ մեր ազգի յոյս արեւները»: Ապա իր դրուատանքի ու ողջոյնի խօսքն ուղղելով աշակերտներին նա նշեց.- «Սիրելի ուսանողներս, ամէն մէկդ մի աստղ ու արեւ էք մեզ համար, ամէն մէկդ մեր հայրենիքի յոյսն ու լոյսն էք: Մեր ապագան էք: Դուք կարող էք լինել այն, ինչ երազում էք: Ճախրենք դէպի վեր՝ դէպի աստղերն անհաս, ու կերտենք նոր աշխարհներ: Վճռականօրէն եւ անվհատ աշխատենք, որ լինենք արժանի մեր ազգին: Դառնանք կենդանի օրինակ՝ բոլոր այն ամէնի, ինչ մաքուր է, ճիշտ, ազնիւ է, արդար ու աստուածային»:
«Մե՛նք մի ընտանիքն ենք,- խօսքն ուղղելով հանդիսութեան ներկաներին նշեց դոկտ. Դուրեանը: Մի խարոյկ ենք, որի մէջ կոպում ենք մեր պողպատակուռ զաւակներին, կոպում ենք մեր ազգի ապագան: Եկէք միասնաբար, մեր անհատական ու միահամուռ ուժով կատարենք այն, ինչ սպասւում է մեզանից՝ յանուն մեր զաւակների եւ ժողովուրդի վերելքին: Եկէք միասնաբար կերտենք մեր երազների փայլուն ապագան: Եկէք ամէն օր, մեր սեփական օրինակով ու վարակիչ վճռականութեամբ նոր ու անշէջ խարոյկներ վառենք մեր զաւակների սրտերում»,- մաղթելով յաջողութիւն եւ անխոնջ կորով իր ելոյթը եզրափակեց տնօրէնուհի դոկտ. Դուրեանը: Իր ելոյթի աւարտին, մէկ առ մէկ յիշելով անուններ, մեծարանքի եւ գնահատանքի խօսք ասաց վարժարանի այն ուսուցիչներին, ովքեր տասնամեակներից ի վեր շարունակում են իրենց ուսումնակրթական նուիրական ծառայութիւնը մատուցել մեր սերունդներին:
Վարժարանի 50-րդ տարուայ վերամուտի հանդիսութիւնը եզրափակուեց Առաջնորդ Սրբազան Հօր, շնորհաւորման, դրուատանքի օրհնաբեր խօսքով եւ պահպանիչով:
Այնուհետեւ աշակերտները իրենց ուսուցիչների առաջնորդութեամբ ուղղուեցին իրենց դասարանները՝ ուսումանկան տարին յաջողութեամբ բոլորելու փայլուն հեռանկարներով:
(ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆԸ՝ ՎԱՐԺԱՐԱՆԻՑ)