News

Հայ Մշակոյթի Ամիս

IMG_1074.JPGՀազարամեակների կենսագրութիւն ունեցող հայ մշակոյթը իր առանձնայատուկ դերն ունի հայ ազգի պատմականօրէն ձեւաւորուած խառնուածքի ու բնաւորութեան կերտման մէջ: Դարերի խառնարանում ձեւաւորուած մեր մշակութային արժէքները հայի ազգային բնութագիրն են, մեր կենսաձեւն ու պատմութիւնը: Ուշագրաւ է, որ հայ ժողովուրդը, կառչած մնալով իր արմատներին, մշտապէս նախանձախնդիր լինելով իր ազգի մշակութային ժառանգութեան պահպանման ու հարստացման գործին, կարողացել է շօշափելի աւանդ ներդնել համաշխարհային մշակոյթների գանձարանում: Եւ այսօր մեր երիտասարդ սերունդը պատրաստ է շարունակելու իր նախնիների անձնուէր ու ազգապահպան գործունէութիւնը: 

Հոկտեմբերի 5-ին Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանում տեղի ունեցաւ Հայ մշակոյթի ամսուան նուիրուած հանդիսութիւն: Բացման արարողութեանը մասնակցում էին վարժարանի աշակերտները, ուսուցչական կազմը՝ տնօրէնուհի դ. Ալինա Դուրեանի գլխաւորութեամբ: Այս տարի եւս վարժարանը հագեցած էր տօնական տրամադրութիւն հաղորդող զարդարանքներով. տարրական դասարանի աշակերտները դպրոցի բակը զարդարել էին հայ մշակոյթը խորհրդանշող ձեւաւորումներով: Իրենց ձեռքերով պատրաստուած նուռը, խաղողը, գորգերը, հայկական տարազները եւ նուագարանները մի առանձնակի շունչ էին հաղորդել վարժարանին:

Բացման խօսքով հանդէս եկաւ պարոն Սարօ Նազարեանը, ով աշակերտներին համընդհանուր ու բովանդակալից կերպով ներկայացրեց տօնակատարութեան խորհուրդն ու նպատակը: Աշակերտական ուխտերից յետոյ 4-րդ եւ 5-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին ամերիկեան եւ հայկական օրհներգերը, վարժարանի քայլերգը: Հանդիսավարն էր 10-րդ դասարանի աշակերտուհի Անի Թովմասեանը, ով մասնակցելով այս տարի Շուշիում մեկնարկւող Ասմունքի համահայկական չորրորդ փառատօնին, գրաւել էր առաջնային կարգ: Ազատագրական եւ յուզիչ երգերով ու նուագակցութեամբ ելոյթ ունեցան 12-րդ դասարանի աշակերտները: Իրենց գողտրիկ կատարմամբ հանդէս եկան վարժարանի Ասմունքի խմբակի անդամները, ովքեր արտասանեցին Պարոյր Սեւակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծութիւնը: Նրանց յաջորդեցին 3-րդ դասարանցիները ՝ ներկայացնելով Պարոյր Սեւակի «Հայոց լեռներ» քերթուածը: Տօնակատարութիւնը ամբողջացրեց երաժիշտ Արիգ Գեւորգեանը: Հայկական երաժշտութեան ուրախ հնչիւնների ներքոյ դպրոցի աշակերտները շուրջպար կազմեցին եւ ուղեւորուեցին իրենց դասարաններ: